«Սերունդը ճիշտ է դաստիարակվում, երբ նրան տալիս ես հայ լինելու ազգային հպարտությունը, արթնացնում ես այն գիտակցումը, որ սեփական լեզուն, պատմությունն ու մշակույթը սովորելը իրավունք ու պարտականություն է՝ նախ անձդ լավ ճանաչելու համար: Եվ հետևաբար, սովորելը դառնում է ցանկություն, ոչ թե ստիպված պարտականություն». Նազելի Աբայանն է՝ սփյուռքահայ ուսուցչուհի, որը դասավանդում է Բեյրութի (Լիբանան) Մխիթարյան վարժարանում: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ արդեն հինգ տարի վարժարանի 6-ից 12-րդ դասարանի աշակերտների համար նա դասավանդում է հայոց լեզու, գրականություն, պատմություն ու մշակույթ՝ սփյուռքահայ երեխաներին ճանաչելի դարձնելով ազգային արժեքները:
Նազելի Աբայանը մասնագիտությամբ լրագրող է և երկար տարիներ աշխատել է «Ռադիո Սևանում»:
Հարցին, թե ինչպես և ինչու է որոշել ուսուցչուհի դառնալ, պատասխանում է. «Գիտելիքով և փորձառությամբ պատրաստ էի ուսուցիչ լինել և որոշեցի ընդգրկվել Մխիթարյան վարժարանի գործունեության մեջ»:
Բեյրութի Մխիթարյան վարժարանն ամենօրյա է. այնտեղ սովորում են 200-ից ավելի աշակերտներ: Ըստ ուսուցչուհու՝ մեծագույն խնդիրը արևմտահայերենով հասանելի առցանց աղբյուրների սակավությունն է: Վարժարանն ակտիվ գործունեություն է ծավալում, և հաճախ են հյուրեր այցելում Հայաստանից: Վերջին մասնագետները եղել են Հայաստանից ժամանած դարբինը, գորգագործը, որոնք երեխաներին ցույց են տվել իրենց արհեստների առանձնահատկությունները, աշխատանքային նրբությունները:
Վարժարանի աշակերտներից բոլորը չէ, որ հայ են. հայերենով, հայոց պատմությամբ հետաքրքրված են նաև օտարները, ինչը ոգևորում է Նազելի Աբայանին. «Մխիթարյան վարժարանի վարկանիշը, ծանոթ հայերի շրջանակը «դրդում» են այլազգիներին սովորել հայերեն, հետաքրքրվել հայոց պատմությամբ: Մենք էլ ջանում ենք այնպես դասավանդել, որ հայերեն սովորելը հավելյալ բեռ չընկալվի նրանց համար, այլ դառնա հետաքրքրական ընթացք: Հատկապես տոնական օրերին լավ ավանդույթ ունենք տարբեր մեթոդներով և տեսանկյուններից ներկայացնելու մեր պատմությունը, ինչը հաճելի ակտիվություն է առաջ բերում նաև օտարների շրջանում»,- պատմում է ուսուցչուհին:
Ներկայացնելով վարժարանում իրենց գործունեության հետաքրքիր մանրամասները՝ նա պատմում է, որ ունեն հատուկ դասընթաց, որում համադրում են տեղեկատվական տեխնոլոգիաները, Մխիթար Սեբաստացու կենսագրությունը և պատմությունը:
«Google map-ի միջոցով ցույց ենք տալիս Մխիթար Սեբաստացու անցած ճանապարհն ու կենսագրությունը՝ որտեղ է ապրել, ուր է գնացել, ինչ ճամփաներով է անցել, ինչպես է ընտելացել նոր միջավայրին, ինչ գործունեություն է ծավալել և պատմական ինչ ժամանակաշրջանում է ապրել ու աշխատել: Ուսուցիչը պետք է քայլի ժամանակակից պահանջների համապատասխան, որպեսզի նորարարությունից հետ չմնա և, ըստ այդմ, նյութը հետաքրքրական դարձնի նաև երեխաների համար»,- ասում է Մխիթարյան վարժարանի ուսուցչուհին:
Ըստ նրա՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ վարժարանում երեխաները նաև հայերեն գրաշարություն են սովորում, ուսումնասիրում արևելահայերենի և արևմտահայերենի համեմատությունը:
Անդրադառնալով սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանը՝ Նազելի Աբայանն ասում է, որ առաջին անգամ է մասնակցում ծրագրին: Հետաքրքրական է համարում, որ յուրաքանչյուր ուսուցիչ հնարավորություն ունի՝ ըստ իր տարածաշրջանի ներկայացնելու դպրոցի կարիքը: Ըստ ուսուցչուհու՝ բոլորի համար առանցքային է դասավանդման համար ապահովել հասկանալի բառապաշար, մանկավարժական մոտեցում, աղբյուրների այլազանություն:
Վերապատրաստման ծրագրում ուսուցչուհին հատկապես հետաքրքրական է համարում պատմության և գրականության համադրումը, թանգարանային ուսուցման մեթոդը և այլն:
«Հագեցած և բովանդակային դասընթացներից հետո մեզ մնում է առավել նվիրումով և նախանձախնդրորեն ծառայել մեր առաքելությանը, երեխային փոխանցել ազգային շունչը՝ որպես հայ մեծանալու անհրաժեշտություն: Առաքելությունս նախ հայերենը սիրցնելն է, ետքը՝ սորվեցնելը: Երբ աշակերտը սիրի այն, ինքնաբերաբար կշարունակի այդ ուղին»,- եզրափակել է խոսքը Նազելի Աբայանը և ուսուցիչներին, որոնք, ըստ նրա, անշահախնդիր մանկավարժներ են և իրենց տրված պարտականությունից ավելին են անում, մաղթել է նոր գիտելիքով հարստացած վերադառնալ իրենց դպրոցներ և անխափան շարունակել նվիրյալ աշխատանքը: