ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը Շիրակի մարզի Արևիկ գյուղում իրականացրել է «Լավաշի կախարդանքը» փառատոնը, որը մեկնարկել էր 2023 թվականին:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ փառատոնը տեղի է ունեցել «Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» ծրագրի շրջանակում: Այն նվիրված էր լավաշ թխելու ավանդույթը 2014 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու 10-ամյակին:
Փառատոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը:
Փառատոնին տեղի է ունեցել լավաշի թեմայով ստեղծված կտավների բացօթյա ցուցահանդեսի և գյումրեցի նկարիչ Լևոն Առաքելյանի հեղինակային պատ-գեղանկարի (սթրիտ-արտ) բացումը: 2023 թ. Արևիկ համայնքի մանկապարտեզի պատին պատ-գեղանկարի միջոցով պատկերվել է Գ. Խանջյանի «Հացը լեռներում» կտավը։
Ցուցահանդեսին ներկայացված էին նաև հիմնադրամի հետ համագործակցած մյուս գեղանկարիչների աշխատանքները՝ Գյումրիից, Վանաձորից, Աբովյանից և Այնթափից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արվեստագետների գործեր:
Այս տարի փառատոնին, բացի Արևիկ գյուղից, մասնակցում էին նաև Հայկավան, Հացիկ, Կարմրաքար, Բաշգյուղ համայնքների բնակիչները, որոնք առանձին տաղավարներով ներկայացնում էին տեղական լավաշն ու բոքոնը, իրենց արտադրած գյուղական բարիքները, համեղ ուտեստներն ու քաղցրավենիքները: Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս երկու տաղավարով ներկայացված էին արցախյան խոհանոցը և արհեստագործությունը:
Փառատոնի համերգային մասում ելույթ են ունեցել նորաստեղծ «Ֆոլկաստիկ» բենդը, որն արդեն սիրված է գյումրեցիների, հատկապես երիտասարդների կողմից և Ախուրյանի «Մարինա» պարային համույթը, որը նաև փառատոնի մասնակիցների համար պարի ուսուցում է անցկացրել: «Վառեմ-մարեմ» արվեստանոցն իր հերթին վարպետության դաս է անցկացրել՝ հնարավորություն տալով Գյումրիի խորհրդանիշ դռների ձևավորումով հուշանվերներ պատրաստել:
«Լավաշի կախարդանքը» փառատոնն ուղղված է ոչ միայն հայկական լավաշի և այն պատրաստող կին հացթուխների փառաբանմանը, այլև համայնքի աշխուժացմանը, երիտասարդների ներգրավվմանը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացում և համայնքի կայուն զարգացման խթանմանը: