Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2024 թ․փետրվարի 21-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արփունք-Փոքր Մասրիկ միջգյուղական ճանապարհին՝ Փոքր Մասրիկ բնակավայրի գերեզմանատան մոտակայքում, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 41- և 37-ամյա եղբայրների և նույն մարզի 45-ամյա բնակչի ու վերջինիս 19-ամյա որդու միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել։
«41-ամյա տղամարդը, եղբոր հետ, հարվածներ էին հասցրել 45-ամյա տղամարդու և նրա որդու մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ վերջինս, հիշյալ եղբայրներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել նրանցից մեկի՝ 37-ամյա տղամարդու կրծքավանդակի և որովայնի ձախ հատվածին, ինչպես նաև վերջինիս եղբոր որովայնի հատվածին։ Դրա հետևանքով 37-ամյա տղամարդը մահացել էր, իսկ վերջինիս եղբորը պատճառվել էին կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
19-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել սպանության և սպանության փորձի, իսկ 41-ամյա տղամարդուն՝ երկու դրվագ ֆիզիկական ներգործության համար։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։