Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, նախարարության և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ՝ հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ ՄԱԶԾ-ի հետ գործակցությունն ընթանում է շատ արդյունավետ, և հույս հայտնել, որ այսուհետ ևս համատեղ ծրագրերը կշարունակվեն։ Նախարարը համառոտ ծանոթացրել է կառավարության ծրագրի տնտեսական հատվածի հիմնական դրույթներին, դրանց իրագործման նպատակով նախանշված միջոցառումներին, խոսել իրականացվող բարեփոխումների մասին։
Նախարար Գևորգ Պապոյանը նաև տեղեկացրել է, որ ներկայումս նախարարությունը մշակում է սկսնակ և փոքր ձեռներեցների աջակցության ծրագրի նախագիծը, որը ներառում է 3 բաղադրիչներ՝ ձեռնարկատիրական հմտությունների զարգացման միջոցառում, փոքր բիզնեսի արտոնյալ վարկավորման միջոցառումը, հովանոցային երաշխիքի տրամադրման միջոցառումը։
Այս համատեքստում կողմերը քննարկել են, թե ինչպես կարող է ՄԱԶԾ-ն աջակցել ձեռներեցությանը, փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) և սկսնակ ձեռնարկություններին:
Անդրադարձ է կատարվել նաև կին ձեռներեցների աջակցությանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը, երիտասարդ և կին ձեռներեցների ֆինանսական գրագիտության հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի խթանմանը ՀՀ մարզերում։
Գևորգ Պապոյանն ընդգծել է կանանց դերի կարևորությունը տնտեսության մեջ:
Քննարկվել են նաև գյուղական համայնքներում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ կարևորելով Սյունիքի մարզի 3 գյուղերում գյուղատնտեսական աջակցության ծրագրի իրականացումը։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական աճի ռազմավարություններին և քննարկվել, թե ինչպես ՄԱԶԾ-ն կարող է աջակցել կայուն զարգացման նախաձեռնություններին:
Կողմերը քննարկել են ՄԱԶԾ-ի պոտենցիալ աջակցությունը բնապահպանական կայունության ծրագրերին, ինչպիսիք են՝ վերականգնվող էներգիան, թափոնների կառավարումը և պահպանումը:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև զբոսաշրջության բնագավառում մարդկային ռեսուրսների զարգացման՝ կրթական և վերապատրաստման աջակցության ծրագրերի մասին։
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովումը և համատեղ նոր ծրագրերի ուղղությամբ աշխատանքների իրականացումը։