Հայաստանի քաղաքականությունն ու ծրագրերը համահունչ են մինչև 2030 թվականը տուբերկուլոզի, ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտի համաճարակին վերջ դնելու գլոբալ նպատակներին: Այդ մասին Մյունխենում ընթացող` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 25-րդ միջազգային համաժողովին իր ելույթում նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Համաժողովը միավորել է ԱՀԿ անդամ երկրների առողջապահության նախարարներին, ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների դեմ պայքարով զբաղվող կազմակերպությունների բարձրաստիճան ղեկավարությանը:
Նախարարը ներկայացրել է ՁԻԱՀ-ի, վիրուսային հեպատիտի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակներին վերջ դնելու ուղղությամբ մեր երկրում կատարվող աշխատանքները՝ 2022-2030 թվականներին ԱՀԿ տարածաշրջանային գործողությունների ծրագրերին համահունչ:
«Մեր քաղաքականությունն է՝ ապահովել ծառայությունների հավասար հասանելիություն քաղաքացիների համար, ծառայությունները ապակենտրոնացնել՝ հասցնելով յուրաքանչյուր բուժառուի և մինչև 2030 թվականը հասնել «95, 95, 95» նպատակին, այն է՝ դեպքերի հայտնաբերման, բուժման ընդգրկման, արդյունավետության ցուցանիշները հասցնել 95 տոկոսի:
Գնալով մենք ավելի շատ մարդկանց ենք ընդգրկում ծրագրերի մեջ, հիվանդությունը հայտնաբերում ենք ավելի վաղ փուլերում և, ընդհանուր առմամբ, շարունակում ուժեղացնել առողջապահական ամբողջ համակարգը` շեշտը դնելով ոչ միայն հիվանդանոցային ծառայությունների, այլև առողջության առաջնային պահպանման օղակում և համայնքներում մատուցվող ծառայությունների վրա»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Համաժողովի նպատակն է նաև վերահաստատել 2025 և 2030 թթ. ծրագրերի նպատակներին հասնելու քաղաքական հանձնառությունը և ամրապնդել ենթատարածաշրջանային համագործակցությունը:
Այցի շրջանակներում նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են փոխշահավետ համագործակցության ուղիներն ու հնարավորությունները: