Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող Դավիթ Թորոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Հունգարիայում ընթացող Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) թաեքվոնդոյի մրցումներում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Եվրոպայի համալսարանական խաղերում (G-1) Դավիթ Թորոսյանը, հաղթելով պորտուգալացի և անգլիացի մարզիկներին, կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Թաեքվոնդոյի թիմում ընդգրկված էին Հայաստանի առաջնությունների տիտղոսակիր մարզիկներ, միջազգային տարբեր մրցաշարերի մասնակիցներ Մելինե Հովհաննիսյանը և Դավիթ Թորոսյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՖԿՍՊԻ շախմատի թիմը ևս դարձել էր Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և Արտյոմ Մանուկյանը:
Խաղերին մասնակցում են ՀՖԿՍՊԻ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները: ՀՊՏՀ-ի ուսանողները հանդես կգան աղջիկների սեղանի թենիս, իսկ ՀՖԿՍՊԻ ուսանողները՝ պարա սեղանի թենիս և թաեքվոնդո մարզաձևերում:
ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների թիմում ներառված են Մանե Ղազարյանը, Ասյա Պողոսյանը և Հայաստանի անհատական առաջնության չեմպիոն Ռիմա Խլղաթյանը: Մարզիչը ՀՖԿՍՊԻ դասախոս Մեսրոպ Ղուկասյանն է, որն ընդգրկված է նաև Հայաստանի սեղանի թենիսի հավաքականի մարզչական շտաբում:
Պարա սեղանի թենիս մրցաձևում Հայաստանը կներկայացնի ՀՖԿՍՊԻ ուսանող Գևորգ Բեգլարյանը: Նրան կուղեկցի մարզիչը՝ Ռիմա Բեգոյանը: