«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հերթական հանդիպումը Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող՝ 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ծրագրի վեճերի միանձնյա խորհրդի անդամ Վինսենթ Լելուփի հետ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:
«Մասնակցում էին Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը‚ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող՝ 8 կմ ճանապարհի կառուցման ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը‚ հիմնադրամի‚ շինարարությունը և տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները‚ որոնք ներկայացրին մինչ օրս նշված ճանապարհին կատարված աշխատանքների ֆիզիկական և ֆինանսական առաջընթացը։
Արծարծվեցին աշխատանքային հարցեր‚ այնուհետև քննարկումները շարունակեցին շինհրապարակ կատարած այցելության ժամանակ‚ որի ընթացքում Վինսենթ Լելուփը տեղում ծանոթացավ շինարարության ծավալներին։
Այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում քննարկումները շարունակվում են։ Ներկայացվում են շինհրապարակում առկա խնդիրների‚ կողմերի միջև առկա հարցերի‚ տարաձայնությունների վերաբերյալ դիտարկումներն ու դիրքորոշումները»,- ասված է հաղորդագրության մեջ։