ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ հուլիսի 21-27-ը այցելել է Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ տարածքում անցկացվող տարվա տեխնոմիջոցառումներից «Սևան ստարտափ սամիթ 2024»։ Միջոցառման շրջանակում՝ մեկ շաբաթ շարունակ, տարբեր փուլերում գտնվող ստարտափներն իրենց գաղափարներն են ներկայացնում ներդրողներին և մենթորներին, մասնակցում են պանելային քննարկումների, սեմինարների, խարույկի շուրջ բանակցությունների, ժամանցային միջոցառումների և ոչ միայն:
ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ բացման խոսքով հանդես գալով՝ նախարարը կարևորել է ստարտափների մշակույթը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տեխնոլոգիական աշխարհի համար։ Մխիթար Հայրապետյանն ընգծել է նաև, որ Հայաստանի կառավարությունը ձգտում է զարգացնել այդ մշակույթը՝ բարձր տեխնոլոգիների արդյունաբերությունը դիտարկելով որպես մեր տնտեսության շարժիչ ուժ։
Նախարարն իր ելույթում ներկաներին՝ ստարտափ համայնքի ներկայացուցիչներին, արտերկրից ժամանած ձեռներեցներին, հյուրերին ներկայացրել է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է նոր գործիքակազմ առաջարկել տեխնոլոգիական համայնքին՝ թիրախային ներդրումների միջոցով զարգացնելու ստարտափ էկոհամակարգն ու խրախուսելու տեխնոլոգիական նոր ընկերությունների մուտքը Հայաստան:
«Ինձ համար իրականում դժվար է նոր բառեր գտնել՝ ընդգծելու ստարտափային մշակույթի կարևորությունը ոչ միայն Հայաստանի, այլև տեխնոլոգիական աշխարհի համար։ Մեզ հայտնի է, որ հայաստանյան բազմաթիվ խոշոր ընկերություններ ներկայացված են եղել այստեղ՝ «Սևան ստարտափ սամիթին», և ես դա ասում եմ մեծ հպարտությամբ։ Այս առումով, ուզում եմ ասել, որ մեզ համար միջոցառումն ինչ-որ իմաստով նորարար մտքի, նոր գաղափարների, տեխնոլոգիական նորանոր լուծումների ծննդավայրն է հանդիսանում»,- նշել է Մխիթար Հայրապետյանը:
Նախարարը միջոցառման մասնակիցներին մաղթել է հաջող և ոգեշնչող շաբաթ:
«Սևան ստարտափ սամիթ» վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումը կազմակերպվում է 2016 թվականից: Սամիթին ամեն տարի մասնակցում են հարյուրավոր ստարտափներ, ձեռներեցներ, ներդրողներ, բանախոսներ, մենթորներ աշխարհի տասնյակ երկրներից՝ քննարկելու բիզնես-տեխնոլոգիական գաղափարներ, ներդրումային ծրագրեր, տարբեր թեմաներ: 2018 թվականից ի վեր սամիթը կազմակերպվում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում և Հնդկաստանում:
Միջոցառման բացումն ազդարարող արարողությունից առաջ նախարար Մխիթար Հայրապետյանը, նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ միջոցառման կազմակերպիչների ուղեկցությամբ, շրջել են տաղավարներով և ծանոթացել ամենամյա վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումի ընթացքին: