ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի շրջանակում Բելգիայի և Իսրայելի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ Հունգարիայի Դեբրեցեն քաղաքի «Նագյերդեյի» մարզադաշտում։ Հանդիպումը կանցկացվի փակ դռների հետևում, այսինքն՝ տոմսեր չեն վաճառվի։ Այդ մասին հայտարարել է Բելգիայի ֆուտբոլի ասոցիացիան:
Ի սկզբանե նախատեսված էր, որ խաղը կայանալու է Բրյուսելում՝ Բոդուեն թագավորի մարզադաշտում։ Սակայն Բրյուսելի իշխանությունները հրաժարվել են այդ «շատ ռիսկային հանդիպումն» անցկացնել Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող պատերազմի ֆոնին: Քաղաքապետարանը մտահոգություն է հայտնել, որ մարզական միջոցառումը բողոքի ցույցեր կառաջացնի, որոնք կարող են վերածվել անկարգությունների:
Խաղն իրենց մարզադաշտերում անցկացնելու առաջարկը մերժել են նաև Բելգիայի մի շարք այլ քաղաքների իշխանություններ՝ կրկին պատճառաբանելով անվտանգության նկատառումները: ՈՒԵՖԱ-ի միջնորդությամբ պայմանավորվել են հանդիպումն անցկացնել Հունգարիայում։