ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբը քարոզարշավից նրա՝ դուրս գալու մասին հայտարարությունից հետո արդեն վերանվանվել է «Հարիսը՝ նախագահ» և ընդամենը 24 ժամում հավաքել է 55 միլիոն դոլար նվիրատվություն, ինչը ռեկորդային է վերջին 4 տարվա ընթացքում։ Մի շարք դեմոկրատ սենատորներ աջակցություն են հայտնել Հարիսին:
Բայց, ըստ ԶԼՄ-ների, դա չի նշանակում, որ նա ավտոմատ կերպով կպայքարի Դոնալդ Թրամփի դեմ նոյեմբերի ընտրությանը։ Օգոստոսին Չիկագոյում կայանալիք կուսակցության ազգային համագումարում ավելի քան 4000 պատվիրակ կհավաքվի նախագահի թեկնածու ընտրելու համար:
Միացյալ Նահանգների ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։ «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ նախագահի հավանությունը, և ես մտադիր եմ վաստակել և հաղթել այս ընտրությունում»,- ամերիկյան լրատվամիջոցները մեջբերել են նրա խոսքը։
Հարիսը հավելել է, որ «ամեն ինչ կանի»՝ «միավորելու Դեմոկրատական կուսակցությունն» ու ազգը՝ հանրապետական Դոնալդ Թրամփին հաղթելու համար։
Սպիտակ տան նախկին ղեկավար Թրամփն իր հերթին ավելի վաղ CNN-ին ասել էր, որ «Հարիսին հաղթելն ավելի հեշտ կլինի»։