Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 22-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում «Հայաստանի մանուկներ» («ՔՈԱՖ») բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքների ամառային դպրոցներ» ծրագրի շրջանակներում անցկացրել է խմբային պարապմունքներ:
Նպատակն էր անդրադառնալ մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարախոսությանը, երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով նախատեսված իրավունքներին, այդ ոլորտում Պաշտպանի գործառույթներին ու լիազորություններին:
Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների հանդուրժողականության, մարդու որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։
«Մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հիմնված է հստակ արժեքների վրա, իսկ այդ արժեքները մեր հասարակության մեջ կարող ենք արմատավորել կրթության միջոցով և մեր օրինակելի վարքագծով։ Մենք պետք է ունենանք բազմազանության նկատմամբ հարգանք, երաշխավորենք յուրաքանչյուրի արժանապատվության անխախտելիությունը», - ասել է Անահիտ Մանասյանը:
Հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ երեխաները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը, որոնք, ի թիվս այլնի, վերաբերել են բուլինգի դեպքերի արձագանքման մեխանիզմներին, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովմանը, երեխաների լսված լինելու իրավունքին և այլն:
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել երեխաներին հետաքրքիր զրույցի համար և ընդգծել նման հանդիպումների շարունակականության կարևորությունը: