ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի հետ հուլիսի 19-ին այցելել է «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերություն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia): Նախարարին ընդունել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն ու համահիմնադիր Հայկ Եսայանը, որի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել ենթակառուցվածքներին, ինչպես նաև այցելել Կապի թանգարան։
Հայկ Եսայանը նախարարին է ներկայացրել վերջին տարիների ձեռքբերումները, կիսվել ընկերության ռազմավարական ծրագրի՝ 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցի կառուցման ընթացքով, խոսել բաց բաժնետիրական ընկերություն դառնալու որոշման կարևորության, ներդրումային ծրագրերի ու զարգացման հիմնական ուղղությունների մասին: Եսայանն ընդգծել է, որ ոլորտում Հայաստանը գտնվում է բարենպաստ դիրքերում:
Կողմերը քննարկել են հեռահաղորդակցության ոլորտի ներկա մարտահրավերները և զարգացման հեռանկարները։ Մխիթար Հայրապետյանը հավաստիացրել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու շուկայի դերակատարներին՝ բարելավելու հեռահաղորդակցական ծառայությունների որակը: Նախարարն ընդգծել է, որ մասնավոր բիզնեսի շահն այս դեպքում համընկնում է պետական շահի հետ:
Այցի ընթացքում քննարկվել է կապի ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ մանրամասներ: Նախարարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ խորացնելու պետություն֊մասնավոր համագործակցությունը:
Տեղի ունեցած քննարկման ընթացքում, որին մասնակցել են ընկերության ներկայացուցիչներ, անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի ընթացքում առաջացած խոչընդոտներին և առաջարկ է արվել ոլորտին առնչվող հանդիպումներում ներգրավել նաև նախարարության ներկայացուցիչներին՝ խնդիրներին և դրանց լուծման հնարավոր տարբերակներին ավելի խորը ծանոթանալու նպատակով: