ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրարշավից: «Կարծում եմ, որ իմ կուսակցության և երկրի շահերից կբխի, եթե ես՝ որպես նախագահ, կենտրոնանամ իմ պարտականությունների կատարման վրա մինչև իմ պաշտոնավարման ժամկետի ավարտը»,- գրել է ԱՄՆ նախագահը: Բայդենն առաջարկել է իր փոխարեն Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրել փոխնախագահ Քամալա Հարիսին։ «Դեմոկրատներ, ժամանակն է միավորվել և հաղթել Թրամփին։ Եկեք անենք դա»,- գրել է Բայդենը X սոցիալական ցանցում։ Քամալա Հարիսը հայտարարել է, որ կանի ամեն ինչ՝ միավորելու Դեմոկրատական կուսակցությունը և միավորելու երկիրը՝ Դոնալդ Թրամփին հաղթելու համար։
«Մենք 107 օր ունենք մինչև ընտրությունները։ Միասին մենք կպայքարենք։ Միասին մենք կհաղթենք»,- ասել է Հարիսը։
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման աջակցություն է հայտնել գործող նախագահ Ջո Բայդենին 2024 թվականի նախագահական մրցապայքարից նրա դուրս գալուց հետո՝ նրան անվանելով բարձրակարգ հայրենասեր։ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ Հիլարի Քլինթոնը, աջակցում են նախագահի պաշտոնում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը: «Ոչինչ մեզ չի ստիպել ավելի անհանգստանալ մեր երկրի համար, որքան Թրամփի երկրորդ ժամկետի սպառնալիքը: Հիմա ճիշտ ժամանակն է բոլոր միջոցներով պայքարել, որպեսզի Քամալա Հարիսն ընտրվի: Սրանից է կախված Ամերիկայի ապագան»,- ասված է ԱՄՆ նախկին նախագահի և նախկին պետքարտուղարի համատեղ հայտարարության մեջ։
Ջո Բայդենը Միացյալ Նահանգների պատմության մեջ կմտնի որպես «վատագույն նախագահ», հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Բայդենի դուրս գալը ԱՄՆ նախագահական ընտրարշավից: Նա հայտարարել է, թե Քամալա Հարիսին հաղթելը ընտրություններում անհամեմատ ավելի հեշտ կլինի, քան Բայդենին: Թրամփը նաև ասել է, որ ինքը չի կարող սպառնալիք լինել ժողովրդավարության համար, ինչպես պնդում են նրա քննադատները։
«Անցյալ շաբաթ ես փամփուշտ ստացա ինձ վրա հանուն ժողովրդավարության»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը։ Հիշեցնեմ, ԱՄՆ նախագահի ընտրությունը տեղի է ունենալու նոյեմբերի 5-ին: