Բոլոր այն տեղերում, որտեղ պայմանագրային պարտավորությունները չեն կատարվում, այսինքն՝ այգիները չեն խնամվում, մենք պետք է լուծենք պայմանագրերը: Երևան քաղաքը պատրաստ է այդ այգիները վերականգնել և հետևել, որպեսզի դրանք մնան կանաչ: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի այգիների խնդրին, որոնք վարձակալների անգործության պատճառով չեն խնամվում։
«Ինչ վերաբերում է այգիներին, որոնք անմխիթար վիճակում են, որոնք չեն խնամվում, ես կոչ եմ անում բոլոր վարձակալներին՝ իրենց կամքով գան, լուծեն պայմանագրերը, որովհետև վաղ թե ուշ դա տեղի ունենալու, և մենք մեր առաջ դրված խնդիրը լուծելու ենք, ուղղակի շատ ավելի ցավոտ, երկար և այդ այգիներն ավելի երկար ժամանակ չխնամված պահելով»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե խոսքը հանրային տարածքների ու հանրային շահի մասին է, չի կարող իրավական այլ հիմնավորում լինել։