Նախորդ շաբաթվա սկզբին ունեցել ենք աղբահանության խնդիրներ՝ կապված տեխնիկայի հետ, բայց արդեն մատակարարվել են 18,5 խորանարդ մետր տարողությամբ «ԿամԱԶ» մակնիշի մեքենաները, որոնք շաբաթ օրն անցել են աշխատանքի, և արդեն էապես խնդիրը կարգավորվել է: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանը։
«Թափուր հաստիքներ ունենք աղբատարի վարորդներին ներգրավելու համար, դա էլ եթե լրացնենք, ամբողջությամբ խնդիրը կկարգավորվի»,- ասաց նա՝ նշելով, որ այս պահին Երևանում աղբահանությունն իրականացվում է 50 մեքենայով, բայց որոշ մեքենաներ վերանորոգվում են, և առաջիկայում դրանք էլ կշահագործվեն:
«Յուրաքանչյուր հերթափոխի կարողանում ենք աշխատանքի հանել գիշերը 37-38, ցերեկը՝ 40 աղբատար մեքենա՝ կապված վարորդների խնդրով»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է շարժիչների գնմանը, ապա 3-ն արդեն մատակարարվել են, 1-ն էլ այս շաբաթ կմատակարարվի: Մյուս շարժիչների մատակարարումները ձգձգվում են, քանի որ ՌԴ-ում օրենք է ընդունվել՝ շարժիչների արտահանման հետ կապված, այն է՝ պետք է ճշտել, որ շարժիչը չի օգտագործվելու ռազմական նպատակով:
«Մեզ խոստացել են՝ մաքսիմում 1 ամսվա ընթացքում կմատակարարվեն մյուս շարժիչները ևս»,- ասաց նա՝ նշելով, որ երկու մեքենա շարժիչների տեղադրումից հետո արդեն աշխատում են:
Ըստ Կատվալյանի՝ օգոստոսին սպասում է ևս 6 HOVO մակնիշի աղբատար մեքենաների ներմուծում, դրանից հետո աղբահանության խնդիրն ամբողջությամբ լուծված կլինի: