Ջո Բայդենը Միացյալ Նահանգների պատմության մեջ կմտնի որպես «վատագույն նախագահ», հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը։
Այսպես է նա CNN-ին տված հարցազրույցում մեկնաբանել Բայդենի դուրս գալը ԱՄՆ նախագահական ընտրարշավից:
Նա նաև հայտարարել է, թե Քամալա Հարիսին (ԱՄՆ փոխնախագահ- խմբ.) հաղթելը ընտրություններում անհամեմատ ավելի հեշտ կլինի, քան Բայդենին:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրարշավից:
Տարբեր հարցումների համաձայն՝ Բայդենը պարտվել էր հանրապետական Թրամփին նախընտրական բանավեճում:
Այդ ֆոնին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները սկսեցին ակտիվորեն կոչ անել առաջադրել մեկ այլ թեկնածուի: Դեմոկրատների հավանական այլընտրանքային թեկնածուն փոխնախագահ Հարիսն է:
Տեսականորեն կուսակցությունը թեկնածուին փոխարինելու հնարավորություն կունենա օգոստոսին կայանալիք համագումարում, սակայն դրա համար անհրաժեշտ է նախնական ընտրություններում հաղթած թեկնածուի համաձայնությունը: Ավելի վաղ Բայդենը հայտարարում էր, որ մտադիր է գնալ մինչև վերջ:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: