Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ԱՄՆ նախկին նախագահ, ներկայումս նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել:
Թրամփը նշել է, որ շատ լավ զրույց է ունեցել Զելենսկու հետ և շնորհավորանքներ ստացել Հանրապետականների կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ:
«Զելենսկին դատապարտեց անցած շաբաթ տեղի ունեցած սարսափելի մահափորձը և նշեց, որ ամերիկացի ժողովուրդը համախմբվել է միասնության ոգով»,- գրել է Թրամփը X-ի իր միկրոբլոգում:
ԱՄՆ նախկին նախագահը խոստացել է վերընտրվելու դեպքում խաղաղություն բերել աշխարհին, վերջ տալ պատերազմին, ռուսական և ուկրաինական կողմերին հնարավորություն տալ բանակցել գործարքի շուրջ, որը վերջ կդնի բռնությանը և ճանապարհ կհարթի դեպի բարգավաճում:
Հեռախոսազրույցը մեկնաբանել է նաև Վոլոդիմիր Զելենսկին: Նա մատնանշել է ամերիկյան երկկուսակցական և երկպալատ աջակցության կենսական նշանակությունը:
«Ուկրաինան միշտ երախտապարտ կլինի ԱՄՆ-ին՝ ռուսական ահաբեկչությանը դիմակայելու մեր կարողություններն ամրապնդելու համար»,- ասված է Զելենսկու տարածած հաղորդագրության մեջ։
Նրա խոսքով՝ պայմանավորվել են Թրամփի հետ անձնական հանդիպման ժամանակ քննարկել, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել՝ հասնելու արդար և տևական խաղաղության։