Լոռու մարզպետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 20-ին Ալավերդու համայնքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն,որի ընթացքում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի մասնակցությամբ քննարկվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների ընթացքը։
Ներկա են եղել մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի, Ալավերդու համայնքապետարանի, պատասխանատու այլ կառույցների ներկայացուցիչներ:
«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ տնօրեն Մուկուչ Տիտանյանը մարզի ղեկավարին է ներկայացրել Մ6 միջպետական ճանապարհի, ինչպես նաև մարզային ենթակայության ճանապարհների՝ աղետի հետևանքով վնասված հատվածների վերականգնման աշխատանքների ընթացքը: Նա տեղեկացրել է, որ Մ 6 միջպետական ճանապարհի վնասված 28 հատվածներից 27-ում ավարտվել է հողի լիցքի տեղադրումը և մեկնարկել են խճապատման աշխատանքները, որոնք կշարունակվեն շուրջ 3 օր: Ավարտից հետո, շուրջ տասը օր անց կիրականացվի ասֆալտապատում: Ճանապարհի միայն մեկ հատվածում աշխատանքները հետաձգվել են ջրատար խողովակի մակերեսային տեղակայման պատճառով: Առաջիկայում լուծում կստանա նաև այդ խնդիրը։
Մարզային ենթակայության ճանապարհների վնասված ճանապարհահատվածներից Շնող-Թեղուտ հատվածում ավարտվել է լիցքը, այն երկկողմանի երթևեկելի է: Ախթալայի կամրջից մինչև Ախթալայի երկաթուղային գծանց ընկած հատվածում ևս իրականացվում է լիցք. աշխատանքները կավարտվեն հաջորդ շաբաթվա ընթացքում:
Ներհամայնքային ճանապարհների վնասված հատվածներում ևս աշխատանքները մեկնարկել են:
Ա.Ղազարյանը հանձնարարել է աշխատանքներում առավել օպերատիվություն ցուցաբերել՝ օր առաջ դրանք ավարտին հասցնելու նպատակով:
Մարզպետին է ներկայացվել նաև հեղեղված բնակավայրերի բնակիչներին աղետի օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում տրամադրված պարենային աջակցության և հագուստի բաշխման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը: Քննարկվել են իրականացված աշխատանքների ֆինանսավորման հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության համապատասախան որոշմամբ աղետից տուժած բնակիչներին փոխհատուցման տրամադրման մեխանիզմը։ Ընդգծվել է ընթացիկ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու անհրաժեշտությունը: