Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում զարգացումներին, հերթական անգամ հայտարարել, թե ԱՄՆ-ն օգտագործում է տարածաշրջանը որպես հակառուսական գործողությունների հարթակ և ցանկանում խանգարել տարածաշրջանային երկրների խաղաղ գոյակցությանը:
«Նրանց չեն գոհացնում Ռուսաստանի հնարավորությունները, քանի որ մենք խաղաղասիրական քաղաքականություն ենք վարում», - կարծիք է հայտնել Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Հարավային կովկասում կայունության կարելի է հասնել միայն տարածաշրջանի երկրների հարաբերությունների համապարփակ կարգավորմամբ՝ նրանց անմիջական հարևանների՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ներգրավմամբ։
Զախարովան մտահոգություն է հայտնել, որ ամերիկացի պաշտոնյաները հաճախ են այցելում Երևան: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը հետխորհրդային երկրներին ներքաշում է հակառուսական արշավների մեջ, ինչը վնաս է հասցնում այդ երկրներին և նրանց տնտեսությանը։
Նա տարօրինակ է որակել ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի շփումները, վաշինգտոնյան գագաթնաժողովին մեր երկրի մասնակցությունը, հայ-ամերիկյան զորավարժությունները: Նրա խոսքով՝ նման գործակցությունն, իբր, կարող է վնասել Հայաստանի անվտանգությունը:
«Դա ոչ միայն ափսոսանք, այլև տագնապ է առաջացնում՝ հատկապես ՀԱՊԿ-ում Երևանի գործունեության փաստացի սառեցման ֆոնին», - շեշտել է պաշտոնյան։
Նա վստահեցրել է, թե Մոսկվան հավատարիմ է իր դաշնակցային պարտավորություններին, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության ապահովման հարցում։
«Երևանի՝ համակարգային դարձող քայլերը խաթարում են այդ ոլորտում գործակցության մեխանիզմների կյանքի կոչումը», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։