Հայաստանում Իրանի դեսպանն իրանական SNN գործակալության հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Իսլամական Հանրապետության հարաբերություններին: Մեհդի Սոբհանին շեշտել է՝ Հայաստանն Իրանի անմիջական հարևան է, և չնայած երկու երկրի միջև սահմանն ամենակարճն է, այնուհանդերձ, ամենահուսալին է և կոչվում է «հույսի սահման»:
«Միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել հայերի և Հայաստանի հետ, և դրանք միայն ամրապնդվում են»,- նշել է դեսպանը: Նա գոհունակություն է հայտնել, որ երկրների միջև Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման մասին պայմանագիր է կնքվել: Սոբհանին նաև նշել է, որ ավարտին են հասցվել մի շարք փոքր և մեծ նախագծեր, որոնց արժեքը 36 միլիոն դոլար է: Նա որպես օրինակ է բերել Մեղրիի մաքսատան զարգացումը:
«Հայաստան-Իրան պաշտոնական առևտուրը 200 միլիոն դոլարից հասել է 700 միլիոն դոլարի: Անցած ամառ մինչև 2030 թվականն է երկարաձգվել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագիրը: Իրանի և Հայաստանի միջև էլեկտրահաղորդման երրորդ գիծն էլ շուտով պատրաստ կլինի: Իրանից Հայաստան գազի արտահանումը կկրկնապատկվի»,- մանրամասնել է դեսպանը:
Նրա խոսքով՝ Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծմամբ էլ կլուծվի Իրանի հյուսիսային շրջանների էլեկտրաէներգիայի պակասի խնդիրը: «Հայաստանի հարավային շրջանը ռազմավարական տարածաշրջան է, որի անվտանգությունը կապված է Իրանի հետ», - հավելել է Մեհդի Սոբհանին:
Նա անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության օրակարգին, նշել՝ Թեհրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը, երկրների միջև ընթացող բանակցություններին, դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության:
«Տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն ներսում, քանի որ դրա հետևանքները զգալու են տարածաշրջանի երկրները, ոչ թե արտատարածաշրջանային երկրները, ինչպիսին ԱՄՆ-ն է»,- շեշտել է պաշտոնյան: