Հուլիսի 18-ին տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի նախագծային լուծումներին նվիրված հանրային քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Միջոցառման բացման խոսքում Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամին և ռազմավարական ծրագրի նախագծման աշխատանքներում ներգրավված քաղաքացիական հասարակության բոլոր գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար։ Նա ողջունել է նաև քաղաքացիական հասարակության հանձնառությունը՝ համատեղ ջանքերով ռազմավարության իրականացումը ապահովելու ուղղությամբ։
Խոսելով ռազմավարական ծրագրի նախագծային փուլին նախորդած ծավալուն նախապատրաստական աշխատանքի մասին՝ փոխնախարարը մատնանշել է քաղհասարակության շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչների հետ անցկացված ֆոկուս-խմբային քննարկումների կարևորությունը, ինչը նախ իր բնույթով աննախադեպ է եղել և, միաժամանակ, թույլ է տվել համատեղ վերլուծել ոլորտային ձեռքբերումները, արձանագրել խնդիրները և ըստ թիրախային ուղղությունների հասցեագրել դրանք։
Անդրադառնալով բարեփոխումների իրականացման հանձնառությանը՝ Արփինե Սարգսյանը նշել է արդեն իսկ մի քանի ուղղությամբ արձանագրված կարևոր նվաճումները, որոնք լավ հենք են ոստիկանական համակարգում դրական փորձառությունը տարածելու և մնացած ուղղություններով բարեփոխումները սահուն շարունակելու համար։ Խոշոր նվաճումների շարքում նա առանձնացրել է ներքին անվտանգության դաշտի նոր դերակատարի, ժողովրդավարական նոր ինստիտուտի՝ ՆԳ նախարարության ձևավորումը։
«Ոստիկանության ոլորտի ամենօրյա գործողությունները, ոստիկանության կողմից նաև ծախսվող ռեսուրսները գտնվում են ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցչական մարմնի՝ ԱԺ վերահսկողության ներքո։ Սա շատ կարևոր ինստիտուցիոնալ նվաճում է այս ոլորտի փոփոխությունների համար, ինչը թույլ կտա էլ ավելի թափանցիկ և էլ ավելի հաշվետու ձևաչափով օգտագործելով Կառավարություն-ԱԺ բոլոր գործիքակազմերը՝ հանել բառեր, ավելի բաց խոսել այն բոլոր քայլերի մասին, որոնք իրագործվել են, և ընդունել այն բոլոր խնդիրները, որոնք դեռ պետք է հասցեագրվեն և լուծվեն»,- նշել է Արփինե Սարգսյանը:
Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև Պարեկային ծառայության, ջրային պարեկային ծառայության, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծմանն ու դրանց հանրապետական ամբողջ ծածկվածությանը, որի ներդրման գործում միավորել են ջանքերը թե՛ քաղհասարակության ներկայացուցիչները, թե՛ միջազգային գործընկերները։ Փոխնախարարը նշել է նաև նոր Քրեական ոստիկանություն ընդունելության և հոկտեմբերին արդեն վերափոխված ուղղության մեկնարկի, Ոստիկանության մնացյալ ուղղություններով կառուցվածքային և ֆունկցիոնալ հստակեցման տեսլականի մշակման մասին։
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը շնորհակալություն է հայտնել Ներքին գործերի նախարարությանը կառուցողական համագործակցության համար։ Նա նշել է, որ ոստիկանության բարեփոխման գործընթացում կան ձեռքբերումներ, պարեկային ծառայության հանդեպ աճում է հասարակության վստահությունը: Նրա խոսքով՝ քաղհասարակությունը լիովին ըմբռնում է ոստիկանության բարեփոխման հետ կապված մարտահրավերների բարդությունը, բայց քաղհասարակության քննադատությունը պետք է ընդունել որպես ՆԳ նախարարության բարեփոխումների կայացման ճանապարհին օգնելու հանձնառություն:
Արփինե Սարգսյանը մանրամասն ներկայացրել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և 2024-2026 թթ. գործողությունների ծրագրի նախագիծը։ Նա ներկայացրել է ռազմավարական ծրագրի հենասյունային բաղադրիչները, անդրադարձել է ոստիկանական ծառայության, ենթակառուցվածքի, տեխնիկական հագեցվածության և ֆունկցիոնալի լավարկմանը՝ կարևորելով բարեփոխումների իրականացման գործընթացում ներառականության, հանրային ընկալման, ռազմավարական հաղորդակցության ու միջազգային համագործակցության ապահովումը։
Հանրային քննարկմանը մասնակցում էին միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների և գերատեսչությունների, հասարակական ու իրավապաշտպան կազմակերպությունների շուրջ 50 ներկայացուցիչներ։
Հանդիպման ավարտին ծավալվել է ակտիվ քննարկում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջարկների հիման վրա լրամշակել նախագիծն ու այն ներկայացնել պաշտոնական շրջանառության։