Ավարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու ևս մեկ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս․Բ․-ն, հանդիսանալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող, անձին տեղեկություններ է տրամադրել, ինչպես նաև կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող հիշյալ անձի, հրահանգներն ու հանձնարարությունները, մասնակցել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել է դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:
Մասնավորապես, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, 2021թ. հոկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում նույն հիմնարկում պահվող կալանավորների և դատապարտյալների նկատմամբ իրականացրել է վերահսկողություն։ Իրեն դիմած տարբեր անձանց, այդ թվում՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված, նույն քրեակատարողական հիմնարկում պահվող Ս․Բ․-ի խնդրանքով կարգավորել, կազմակերպել, թույլատրել և վերաբաշխել է ապօրինի ճանապարհով քրեակատարողական հիմնարկ ներկրած տարբեր արգելված միջոցների, մասնավորապես բջջային հեռախոսների, ինչպես նաև տարբեր անձանց անվամբ բերված հանձնուքների տրամադրումը, կազմակերպել և վերահսկել է այսպես կոչված «օբշակի»՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը կազմող գումարների հավաքագրումը, այդ գումարների հավաքագրման գործընթացի վերաբերյալ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի միջոցով, իրականացրել է ճշգրտումներ։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը դատապարտյալներին և կալանավորներին, այդ թվում Ս․Բ․-ին, տվել է հրահանգներ՝ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ չհամագործակցելու, տեղեկություն չփոխանցելու մասին, զգուշացրել որևէ կալանավորի կամ դատապարտյալի կողմից աշխատակիցներին տեղեկություն հայտնելու դեպքում «պատժելու» մասին, Ս․Բ․-ին և վերոնշյալ կալանավորներից մեկին հրահանգել է կազմակերպել քրեակատարողական հիմնարկ նոր տեղափոխված կալանավորներին և դատապարտյալներին քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների բացատրման գործընթացը։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ս․Բ․-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: