Հուլիսի 17-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») նամակ է ստացել այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել են խախտումներ, և կայացրել հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու որոշում։
Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, ստեղծված իրավիճակի կապակցությամբ սկսվել են բանակցություններ երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ: Առկա է պայմանավորվածություն առցանց կոնֆերանսի վերաբերյալ՝ ԵԱՏՄ ընդհանուր գործընթացների տրամաբանությամբ խնդիրն արագ կարգավորելու միտումով:
Տնտեսվարողներն անմիջապես տեղեկացվել են իրենց բեռներում հայտնաբերված շեղումների մասին, իսկ Տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել: Այն խնդիրները, որոնք հայտնաբերել է «Ռոսսելխոզնադզորը», կարգավորվում են ԵԱՏՄ անդամ երկրների միջև սննդամթերքի շրջանառությունը կանոնակարգող իրավական ակտերով՝ սննդամթերքի շրջանառության համար նախատեսված համապատասխանության գնահատման միջոցով, որն իրականացվում է հավատարմագրված լաբորատորիաների կամ գնահատող մարմինների կողմից՝ տնտեսվարողի ընտրությամբ։ Ըստ օրենսդրության՝ այդ խնդրին Տեսչական մարմինը կարող է անդրադառնալ միայն՝ բողոքի, ահազանգի մասին հաղորդագրության, դիմումի առկայության դեպքում: Եթե այդպիսիք չկան, ուրեմն համակարգը հստակ աշխատում է:
ՍԱՏՄ-ն պտուղ-բանջարեղենի նկատմամբ ուղիղ վերահսկողական գործառույթ ունի միայն բուսասանիտարական մասով՝ բույսերի հիվանդությունները, կարանտին վնասակար օրգանիզմներով վարակվածությունը պարզելու նպատակով մոնիթորինգներ անցկացնելով: Ըստ այդմ՝ սահմանային վերահսկողության ժամանակ կատարվում են նմուշառում և լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքի հիման վրա տրամադրվում է կարանտին վնասակար հիվանդություններից զերծ լինելու մասին բուսասանիտարական սերտիֆիկատ և թույլատրվում է արտահանումը:
Հիշեցնենք, որ 2023 թվականին արձանագրվել էին պտուղ-բանջարեղենի նկատմամբ ՍԱՏՄ ուղիղ վերահսկողական գործառույթ հանդիսացող բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման անհամապատասխանության դեպքեր, որոնց կարգավորման նպատակով իրականացված վերահսկողության արդյունքներով՝ 2024 թ. անհամապատասխանություններն էականորեն նվազել են, և դեպի ՌԴ արտահանման դժվարություններ բեռները չունեն:
Այս պահին գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կարգավորելու ուղղությամբ. բացի հավատարմագրման գործընթացից, առաջիկայում նախատեսվում է կիրառել պարբերական լաբորատոր հսկողության միջոցներ և նոր գործիքակազմ՝ նման խնդիրները բացառելու նպատակով: