ԱՄՆ-ը Հարավային Կովկասը դիտարկում է բացառապես որպես հարթակ Ռուսաստանի և այնտեղ գտնվող երկրների ու ժողովուրդների խաղաղ գոյակցության դեմ տարաբնույթ ակցիաներ անցկացնելու համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նրանց չի գոհացնում Ռուսաստանն իր հնարավորություններով, քանի որ մենք խաղաղասիրական քաղաքականություն ենք վարում»,- ասել է նա։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելը, «որը հնարավոր է միայն Կովկասի երկրների միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման դեպքում՝ նրանց անմիջական հարևանների՝ Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի ներգրավմամբ, չի մտնում Վաշինգտոնի նպատակների և խնդիրների մեջ»:
«Մենք տեսնում ենք Վրաստանում իրավիճակը սրելու ամերիկացիների փորձերը հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Այս ամենը վերաբերում է ոչ միայն Վրաստանին, այլև Ադրբեջանին և Հայաստանին։ Հետևում ենք, թե ինչպես են ամերիկացի պաշտոնյաները բառացիորեն անվերջանալի շարքով այցելում Երևան։ Նրանք պատրանք են ստեղծում, թե մտածում են այդ երկրի և նրա ժողովրդի բարեկեցության մասին»,- նշել է Զախարովան՝ հավելելով, թե, իբր, Վաշինգտոնը հետխորհրդային տարածքի երկրներին ներքաշում է հակառուսական արշավների, հակառուսական գաղափարների մեջ։
«Հուսով ենք, որ Հարավային Կովկասի մեր գործընկերները հասկանում են, թե իրենց ինչ կարժենա Արևմուտքի հետ նման կեղծ բարեկամությունը։ Արևմուտքն ընկերություն անել չգիտի։ Այն կարող է միայն օգտագործել»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։