Իսրայելի Քնեսեթը (խորհրդարանը) ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել Պաղեստին պետության ստեղծումը մերժող բանաձևին՝ հաղորդում է The Times of Israel-ը:
«Իսրայելի Քնեսեթը վճռականորեն դեմ է Հորդանանից արևմուտք պաղեստինյան պետության ստեղծմանը։ Իսրայելի սրտում այդ պետության ստեղծումը սպառնալիք կլինի Իսրայել պետության և նրա քաղաքացիների գոյության համար, կհավերժացնի իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և կապակայունացնի տարածաշրջանը»,- ասվում է բանաձևում:
Փաստաթուղթն ընդունել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոալիցիան, այն ստացել է կենտրոնամետ «Ազգային միաբանություն» կուսակցության, ինչպես նաև աջակողմյան ընդդիմադիր ուժերի աջակցությունը։
Ձախ կենտրոնամետ «Yesh Atid» կուսակցության պատգամավորները լքել են նիստերի դահլիճը: Կուսակցության նախագահ Յաիր Լապիդը հանդես է գալիս «երկու պետության» բանաձևի օգտին:
Պարբերականը հիշեցնում է, որ բանաձևն ընդունվել է Նեթանյահուի ԱՄՆ այցից ընդամենը մի քանի օր առաջ, որտեղ նա ելույթ է ունենալու Կոնգրեսի համատեղ նիստում և Սպիտակ տանը հանդիպելու է նախագահ Ջո Բայդենի հետ։