ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 18-ին ընդունել է Ալբանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական և ռազմավարական հարցերով գլխավոր տնօրեն Գազմենդ Բարբուլուշիի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը կարևորել է Հայաստանի և Ալբանիայի միջև համագործակցության խորացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը:
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնող օրակարգին` հանձնաժողովի նախագահն արժևորել է ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ Ալբանիան եվրոպական այն քիչ երկրներից է, ուր ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել առանց մուտքի արտոնագրի: Նշվել է, որ այդ հանգամանքով պայմանավորված էլ վերջին շրջանում ավելացել է Ալբանիա մեկնող հայ զբոսաշրջիկների թիվը:
Հանդիպմանը Սարգիս Խանդանյանն ալբանացի դիվանագետներին ներկայացրել է մեր երկրում տիրող անվտանգային իրավիճակը, մարտահրավերները, խոսել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացների մասին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալբանիայի ԱԳՆ քաղաքական և ռազմավարական հարցերով գլխավոր տնօրենն իր իրավասությունների շրջանակում տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանը նպաստելու պատրաստակամություն է հայտնել: Գազմենդ Բարբուլուշին համաձայնել է, որ անհրաժեշտ է սերտացնել երկու երկրների միջխորհրդարանական կապերը: