Հինգշաբթի Ֆրանսիայի Ազգային ժողովի նորընտիր 577 պատգամավորներ կընտրեն խորհրդարանի ստորին պալատի նախագահ: Ձախակողմյան «Նոր Ժողովրդական ճակատը» Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆրանսիայի կոմկուսի պատգամավոր Անդրե Շասսենին:
Ավելի վաղ նախագահի ղեկավարած «Վերածնունդ» կուսակցությունը խոսնակի պաշտոնում առաջադրել էր Յաել Բրոն-Պիվեին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր նախորդ գումարման ժամանակ:
Իսկ ծայրահեղ աջ «Աազգային միավորում» կուսակցությունն առաջարկել է նախկին փոխխոսնակ Սեբաստիան Շենյուի՝ Մարին Լը Պենի մերձավոր գաղափարակցի թեկնածությունը։ Քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 18-ին նոր գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանում:
Այն կարող է որոշիչ լինել երկրի ապագա վարչապետի նշանակման հարցում: Եթե ձախ կոալիցիան չկարողանա ինչ-որ մեկին ընտրել իր կազմից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է դա օգտագործել որպես պատճառ՝ ձախերից վարչապետ չնշանակելու համար, քանի որ Ազգային ժողովի նախագահը և վարչապետը պետք է լինեն նույն կուսակցության ներկայացուցիչներ: