Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:
Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև նախապատրաստվող փոխըմբռնման հուշագրով քաղաքաշինության բնագավառում համագործակցության առանցքային ուղղությունները։
Անդրադառնալով Հայաստանում ՀՀ կառավարության ծրագրով իրականացվող շինարարական լայնածավալ աշխատանքներին՝ կողմերը կարևորել են քաղաքաշինական ծրագրերին իրանական ընկերությունների մասնակցությունը։ Այդ համատեքստում մեծ խթան է օտարերկրյա կազմակերպություններին Հայաստանի քաղաքաշինության բնագավառում գործունեություն ծավալելու թույլտվության տրամադրման դյուրացված ընթացակարգը։ Եղիազար Վարդանյանը վերահաստատել է կոմիտեի պատրաստակամությունն աջակցելու Իրանի գործընկերներին ՀՀ քաղաքաշինական նորմերի, առաջիկա մրցույթների, պիլոտային ծրագրերի մասին տեղեկատվության տրամադրման հարցում։
Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է, որ Հայաստանի հետ ոլորտային համագործակցությունը դիտարկելով երկարաժամկետ կտրվածքով և կարևորելով բարի համբավի պահպանումը՝ պատրաստ է երաշխավորել իրանական առաջատար ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա։
Որպես գործակցության ուղղություն առանձնացվել է նաև Իրանում և Հայաստանում կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն ու մասնավոր հատվածի ներգրավումը։
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում վերջնական տեսքի բերել փաստաթուղթը և կազմակերպել հուշագրի ստորագրումը։