ԿԳՄՍՆ-ն առաջարկում է 15 մլն 693 հազար դրամի չափով վերաբաշխում կատարել ԿԳՄՍՆ-ին հատկացված բյուջեի շրջանակներում և այդ գումարն ուղղել մեր թանգարանային գործունեության համար շատ կարևոր ցուցադրության հանրահռչակմանը: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հուլիսի 18-ի նիստին ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Ամդրեասյանը:
«Այս աշնանը պլանավորում ենք Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ ցուցադրություն բացել, որը շատ կարևոր նշանակություն է ունենալու թանգարանային ոլորտի և թանգարանների միջազգայնացման ուղղությամբ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 105-ամյակը և թանգարանի հիմնադիր ղեկավար, անվանի ազգագրագետ Երվանդ Լալայանի ծննդյան 160-ամյակը:
Ու չնայած թանգարանի՝ ավելի քան մեկդարյա պատմությանը՝ նախարարը կարծում է՝ դեռևս կա հեղինակավոր կառույցի գործունեությունը նոր ձևաչափով ներկայացնելու խնդիր:
Նախարարը նաև նշեց, որ Հայաստանից աշխարհի տարբեր հեղինակավոր թանգարաններում ցուցանմուշներ են ցուցադրվում, և դրանք մեծ հետաքրքրություն են առաջացնում, բայց հակառակ փորձառությունը դեռ չկա:
«Հայաստանի պատմության թանգարանը դեռևս չունի արտերկրի հեղինակավոր թանգարաններից արժեքավոր ցուցանմուշներ հյուրընկալելու և Հայաստանում այցելուներին ներկայացնելու փորձառություն, ինչը կարևոր և պարտադիր քաղաքականություն պետք է լինի մեր երկրի մայր թանգարանի համար:
Իրավիճակը շտկելու ուղղությամբ 2023 թվականից աշխատանքներ են ձեռնարկվել: 2024 թվականին արդեն փաստաթղթային հիմքերի վրա դրվեց Բրիտանական թանգարանի հետ համատեղ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում իրականացնելու ծրագիրը: Առաջին անգամ Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Սատաղղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխը և ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում պահպանվող, տասնյակ տարբեր ժամանակաշրջաններին պատկանող, մայրության թեմային վերաբերող հնագիտական, ազգագրական, դրամագիտական, արվեստի ցուցանմուշների հետ համադրությամբ կցուցադրվի Հայաստանում՝ Հայաստանի պատմության թանգարանում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այս միջոցառման ավելի լայն իրազեկումն ապահովելու համար անհրաժեշտ է թվային, ֆիզիկական, գովազդային արշավ՝ համապատասխան մարկետինգային գործիքակազմով, որին էլ ուղղված է այս նախագծի ընդունումը:
Ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 21-ին, և այն կտևի 6 ամիս:
«Ակնկալում ենք, որ ցուցադրության 6 ամիսների ընթացքում թանգարանը կունենա նվազագույնը 300 հազար այցելու, հանրահռչակման արդյունքում շուրջ 1 մլն մարդու ներգրավվածություն և իրազեկվածություն ենք նախատեսում»,- ասաց նա: