Գերմանիան Ուկրաինային 10 մլն եվրո է հատկացրել հուլիսի 8-ին ռուսական հարձակման հետևանքով մասամբ ավերված Կիևի «Օխմատդետ» մանկական հիվանդանոցը վերականգնելու համար։ «Մենք չպետք է հանդուրժենք, որ Ուկրաինայում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման այս վայրն այլևս գոյություն չունի»,- Rheinische Post թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով նախարար Սվենյա Շուլցը:
«Օխմատդետի» գլխավոր տնօրենն էլ հայտնել է, որ մանկական հիվանդանոցը մասամբ վերսկսել է աշխատանքը ռուսական հրթիռային հարձակումից մեկ շաբաթ անց։ Հիվանդանոցի ամբողջական վերականգնումը, ըստ տնօրենի, կտևի մոտ վեց ամիս։
Հրթիռակոծման պահին հիվանդանոցում եղել է ավելի քան 600 հիվանդ, երկու մարդ զոհվել է, 50-ից ավելին վիրավորվել։ Վնասվել է չորս բուժական և մեկ վարչական մասնաշենք։
Մոսկվան հերքում է Կիևի մեղադրանքները՝ վստահեցնելով, որ թիրախավորում է միայն ռազմական օբյեկտները։ Կրեմլը պնդում է, թե «Օխմատդետը» խոցել է ուկրաինական հակահրթիռը։