Բելգորոդի շրջանում հուլիսի 23-ից սահմանափակումներ կգործեն 14 բնակավայր մուտքի համար, որտեղ «օպերատիվ իրավիճակը ծայրահեղ ծանր է»: Այս մասին հայտարարել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա խոսքով՝ այդ բնակավայրերի մուտքերի մոտ կտեղադրվեն անցակետեր, կարգելվի հասարակական տրանսպորտի և տաքսիների մուտքը: Բնակավայրեր մուտք գործելու իրավունք կունենան միայն չափահաս տղամարդիկ՝ խիստ կանոնակարգով ՝ զրահապատ ավտոմեքենայով, անձնական պաշտպանության միջոցներով՝ զրահաբաճկոնով և սաղավարտով, ինչպես նաև զինվորականների և քաղաքապետարանների ներկայացուցիչների ուղեկցությամբ:
Նահանգապետը հավելել է, որ «լքված» տները կպահպանի բանակը: Գլադկովը, սակայն, չի հայտնել, թե տները լքելուց հետո մարդիկ ուր են գնալու, չի առաջարկել բնակության այլընտրանքային տարբերակներ, միայն նշել է, որ ընտանիքներն ամսական կարող են ստանալ 10 հազար ռուբլի, բազմազավակ ընտանիքները՝ 15 հազար:
Ռուսաստանի Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի շրջանները պարբերաբար գնդակոծվում են Ուկրաինայի կողմից, որն արդեն երրորդ տարին է՝ պաշտպանվում է ռուսական լայնածավալ ներխուժումից։ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցնում ռուսական շրջաններին՝ ի պատասխան ՌԴ-ի կողմից ուկրաինական բնակավայրերի թիրախավորման: