Ուկրաինան և Ռուսաստանը իրականացրել են ռազմագերիների հերթական փոխանակումը, որի ընթացքում յուրաքանչյուր կողմից ազատ է արձակվել 95 պահվող անձ։ Այս մասին չորեքշաբթի՝ հուլիսի 17-ին, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Փոխանակումը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ ՌԴ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ ազատ արձակված ռուս զինծառայողները ռազմատրանսպորտային ինքնաթիռով կտեղափոխվեն Մոսկվա՝ «ՌԴ ՊՆ բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար»։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինա են վերադարձել երկրի զինված ուժերի և Ազգային գվարդիայի զինվորականները, ինչպես նաև սահմանապահներ։
Սա գերիների 54-րդ փոխանակումն է 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ռազմական ներխուժման սկզբից ի վեր, նշում է Ռազմագերիների բուժման ուկրաինական համակարգող շտաբը: Նշվում է, որ ընդհանուր առմամբ գերությունից Ուկրաինա է վերադարձվել 3405 մարդ։