Վրաստանի 121 ոչ կառավարական կազմակերպություններ որոշել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը վիճարկել Սահմանադրական դատարանում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գեորգի Դավիթուրին և հավելել, որ դատարան են դիմելու նաև օրենքի հակասահմանադրական դրույթների աշխատանքը կասեցնելու համար:
Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ Սահմանադրական դատարան հայց է ներկայացնելու նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Հասարակական կազմակերպությունները բազմիցս հայտարարել են, որ օրենքի ընդունման դեպքում չեն գրանցվի հատուկ ռեգիստրում, քանի որ արդարացի չեն համարում «օտարերկրյա գործակալ» կոչվելը։ Իշխող կուսակցությունից արձագանքել են, որ սահմանումը ճիշտ է, եթե կազմակերպությունը ֆինանսավորվում է արտերկրից, և նրանից պահանջվում է ընդամենը ֆինանսական թափանցիկություն: