Հուլիսի 16-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել UNESCAP-ի դերը տարածաշրջանում համագործակցության, կայուն զարգացման և ներառական աճի խթանման գործում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կազմակերպության հետ փոխգործակցության հետագա հեռանկարները, ընդգծել համագործակցության զարգացման կարևորությունը, մասնավորապես հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին տեղեկացրել է 2024 թ. հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում կայանալիք նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT 2024) մասին, որն անցկացվելու է «Մտքի ուժը. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակում» խորագրի ներքո։