Հուլիսի 16-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Հայաստանի և Նեպալի կողմից բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում կազմակերպված հարակից միջոցառմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) հետ համագործակցությամբ Հայաստան-Նեպալ թվինինգ ծրագրին և դրա Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման դրական փորձառության փոխանակմանը և պատրաստակամություն հայտնել շարունակել փոխգործակցությունը ընդհանուր օրակարգերի առաջմղման ուղղությամբ:
Վահան Կոստանյանն ընդգծել է, որ Հայաստանը և Նեպալը՝ որպես լեռնային և դեպի ծով ելք չունեցող երկրներ, ունեն կայուն զարգացման առանձնահատուկ մարտահրավերներ և խոցելիություններ՝ մասնավորապես վկայակոչելով գլոբալ շուկաների հասանելիության խնդիրները և կլիմայի փոփոխությունից բխող հետևանքները: Վերջին համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղին և համայնքներին ու կենսական նշանակություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքներին դրա հասցրած վնասներին:
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիման, ՄԱԿ-ում ՀՀ ու Նեպալի մշտական ներկայացուցիչները և ՀՀ փոխվարչապետի խորհրդական Աննա Գասպարյանը: