Կայացել է ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատուների տարեկան հանդիպումը: Այն համախմբել է ԱՆ խորհրդատուներին, բժշկական ասոցիացիաների անդամներին, նախարարության և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Այդ մասին հայտնում են գերատեսչությունից:
Հանդիպմանը ներկա է եղել և բացման խոսքով հանդես եկել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Օրակարգում են եղել Օվիեդոյի կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու առավելությունները, բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը:
Ֆոկուսային խմբերի ձևաչափով քննարկվել են նախարարի՝ «Հիմնական բժշկական մասնագիտությունների ցանկի մասին» հրամանի նախագիծը և բուժաշխատողի մասնագիտական բնութագիրը:
Հանդիպման երկրորդ օրն անդրադարձել են առողջապահության ոլորտում քաղաքականության առաջնահերթություններին, առողջապահության համապարփակ ապահովագրության ծառայությունների փաթեթին:
Նստաշրջանների ավարտին կարևորվել են առողջապահության ոլորտում կառավարության քաղաքականության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ հանրային երկխոսության պահպանումը և խթանումը, ինչը նպաստում է հանրային առողջապահական լավագույն որոշումների կայացմանը:
Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի շրջանակում: