ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը: Փոխնախարարը հանդիսանում է նաև տվյալ համալսարանի հոգաբարձունեի խորհրդի անդամ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է շրջանավարտներին և ողջույնի խոսք հղել. «Դուք ընտրել եք մի ճանապարհ, որը պահանջում է բարձր ինտելեկտ, խնդիրներ լուծելու ճկուն մոտեցումներ և ստեղծագործական հմտություններ:
Վստահ եմ՝ համալսարանը ձեզ տվել է հետազոտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, վերլուծական և անհրաժեշտ այլ ուղղություններով համապարփակ գիտելիք՝ այն ծառայեցնելու ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման»:
ԿԳՄՍ փոխնախարարն ընդգծել է, որ Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի հիմքում դրված է այն գաղափարը, որ ՀՀ տնտեսության և հանրային կյանքի շարունակական և առաջանցիկ զարգացումը կարող է ապահովվել մարդկային կապիտալի զարգացման մեջ շոշափելի ներդրումներ կատարելու միջոցով, որում անգնահատելի ներդրում ունեն նաև բուհերը։
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մշտապես եղել է գերազանցության, նորարարության, ապագա կերտող քննադատական մտածողությամբ անհատների ձևավորման հաստատություն։ Մեծապես կարևորելով տեխնոլոգիական կրթության դերը՝ որպես մի շարք բնագավառներում առաջանցիկ աճի գրավականի, ՀՀ կառավարությունը կրթության զարգացումը դիտարկում է որպես բարեփոխումների և զարգացման առանցքային ուղղություն։ Այս ոլորտում պետական ծրագրերն ունեն համալիր բնույթ և սկսվում են դպրոցից։ Անվիճելի է, որ տեխնոլոգիական կրթության զարգացումը պետության առաջնահերթություններից է, և Պոլիտեխնիկը բարեփոխումների առաջամարտիկներից է»,- ասել Արթուր Մարտիրոսյանը՝ երախտագիտության խոսքեր հղելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմին՝ Պոլիտեխնիկում կրթական բարեփոխումները շարունակաբար առաջ մղելու և նվիրումի համար:
Փոխնախարարի խոսքով՝ հետևողական աշխատանքի շնորհիվ բուհը դառնում է սովորողների համար լավագույն կրթական միջավայր: Բուհում անցկացրած տարիները, Արթուր Մարտիրոսյանի համոզմամբ, ուսանողներին տվել են ոչ միայն մասնագիտական գիտելիք, այլև նրանց մեջ սերմանել են ազնվություն, թիմային մտածելակերպ և առաջնորդության արժեքներ:
«Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները գերազանցության, նորարարության և առաջընթացի դեսպաններ են»,- խոսքն ամփոփել է Արթուր Մարտիրոսյանը՝ շրջանավարտներին մաղթելով նորանոր հաջողություններ կյանքի հաջորդ փուլերում։
Միջոցառմանը ներկա են եղել և շրջանավարտներին շնորհավորել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, բուհի ռեկտոր Գոռ Վարդանյանը: