ԱՄՆ-ը կաջակցի Կիևին, եթե վերջինս որոշի Ռուսաստանին հրավիրել Ուկրաինայի հարցով նոր գագաթնաժողովին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Նրա խոսքով՝ որոշումը, միևնույն է, պետք է կայացնեն Ուկրաինայի իշխանությունները։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները պետք է մասնակցեն ուկրաինական հակամարտության կարգավորման երկրորդ համաժողովին, որի նախապատրաստական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2024 թվականի նոյեմբեր։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էլ հայտարարել էր, որ խաղաղության գագաթնաժողովներում Մոսկվան չի ընդունում Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ վերջնագրերը։ Նրա խոսքով՝ ապագա հանդիպումներում փորձելու են առաջ մղել «Զելենսկու վերջնագրային բանաձևը»։