Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնի շրջանակում անցկացված հատուկ ընդունելության ընթացքում փառատոնային «Վարպետ» մրցանակը հանձնվել «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ, հնդիկ-ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգհին։ Վերջինս հայ հանդիսատեսին առավել հայտնի է որպես Լեդի Գագայի փարաջանովյան գեղագիտությամբ ոգեշնչված «911» երգի տեսահոլովակի հեղինակ։ Լեդի Գագայից բացի՝ Թարսեմի ռեժիսորական աչքով են տեսողական մարմին ստացել «R.E.M.»-ի «Losing My Religion» երգը, Վանեսա Պարադիի «Be My Baby»-ն, Լու Ռիդի «What’s Good»-ը և այլն։
2000-ին մեծ էկրան է բարձրացել Թարսեմի կինոդեբյուտը՝ Ջենիֆեր Լոպեսի գլխավոր դերակատարությամբ կուլտային «Բջիջ» գիտաֆանտաստիկ թրիլերը, որը բազմաթիվ կինոքննադատներ գովել են հոլիվուդյան կինոյի համար անսովոր վառ պատկերային, սիմվոլիկ մտածողության համար։ «Բջիջ»-ից ի վեր Սինգհը հեղինակել է ևս 5 լիամետրաժ ֆիլմ, որոնցից վերջինը՝ «Սիրելի Ջասի» դրաման, համաշխարհային պրեմիերա է ունեցել 2023-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում՝ արժանանալով «Platform» մրցանակին, իսկ երևանյան պրեմիերա տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 2024-ի օրերին։