Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 16-ին «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել «Խոշոր եղջերավոր կենդանիների մթերատվության բարձրացման ծրագրին» նվիրված աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 200 բնակավայրերում։
ԽԵԿ֊ի մթերատվության բարձրացման ծրագրով ՌԶԳ-ի հետ համատեղ «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ֊ի բազայի վրա նախատեսվում է տոհմակայանի հիմնում, որը կնպաստի ծրագրի իրականացման արդյունավետության ապահովմանը, ՀՀ֊ում բուծվող տավարի տոհմային հատկանիշների և մթերատվության բարձրացմանը։ Ներկայումս ՀՀ֊ում նմանատիպ կայան չի գործում։
Ծրագրի շրջանակում ՌԶԳ֊ն կտրամադրի տեխնիկական աջակցություն, կկազմակերպի վերապատրաստման դասընթացներ անասնաբույժների և արհեստական սերմնավորման մասնագետների համար, ինչպես նաև կիրականացնի իրազեկման արշավներ։
Տաթևիկ Սարգսյանը բարձր է գնահատել ՌԶԳ֊ի աջակցությունը Կառավարության նախաձեռնությունների իրականացմանը և հույս հայտնել, որ այդ համագործակցությունը այսուհետ ևս կլինի բազմաբնույթ և արդյունավետ։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև անասնաբուծության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի ընթացիկ արդյունքները։
Առանձին անդրադարձ է կատարվել ոլորտում առաջիկայում նախատեսվող նոր ծրագրերին։
«ԽԵԿ-ի մթերատվության բարձրացման ծրագիրը» կիրականացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ռազմավարական զարգացման գործակալության, մարզպետարանների և ՏԻՄ-երի համագործակցությամբ Ավստրիական զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ։