ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը, որից կարող են օգտվել անհատական բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցող շահառուները։
ԱՍՀՆ-ից նաև տեղեկացնում են, որ անհատական բնակելի տան կառուցման համար դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները՝
-
2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները.
-
զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները.
-
ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։
Դիմում լրացնելիս ԼՂ հայրենակիցները պետք է պարտադիր ընտրեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից հաստատված օրինակելի նախագծերից որևէ մեկը։
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում՝
-
5 մլն դրամ, եթե բնակարանը կամ տունը ձեռք է բերվում/կառուցվում է ներդրումային առաջնահերթություն ունեցող հետևյալ քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (https://www.mlsa.am/blockpage/137, հավելված 1).
-
4 մլն դրամ, եթե տունը կամ բնակարանը ձեռք է բերվում/կառուցվում է հետևյալ ներդրումային առաջնահերթություն ունեցող քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (https://www.mlsa.am/blockpage/137, հավելված 2).
-
3 մլն դրամ, եթե բնակարանը կամ տունը ձեռք է բերվում/կառուցվում է վերոնշյալ անվանացանկերում չներառված բնակավայրերում (բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտիների).
-
2 մլն դրամ աջակցություն, եթե առկա է գործող հիփոթեք (բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտիներում գտնվող գույքի)։