ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը հուլիսի 15-ին այցելել են «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերություն։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
Գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել ենթակառուցվածքներին Արմեն Ավետիսյանը նախարարին է ներկայացրել վերջին տարիների ձեռքբերումները, կատարած ներդրումային ծրագրերն ու զարգացման տեսլականը:
Նշվել է, որ հիմնական ներդրումներն ուղղվել են ցանցի զարգացմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Մխիթար Հայրապետյանը կարևորել է Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում մասնավոր ընկերությունների ունեցած դերակատարությունը՝ ուղղված հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին։
Տեղի ունեցած քննարկման ընթացքում, որին մասնակցել են «Վիվա Արմենիա» ընկերության ներկայացուցիչներ, անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի ընթացքում ծագած խնդիրներին, լուծման հետ կապված դժվարություններին։
Աշխատակիցները ներկայացրել են իրենց ակնկալիքները և առաջարկությունները դրանց վերացման ուղղությամբ։ Քննարկվել են լուծման մի շարք տարբերակներ ու հնարավորություններ։
Կողմերը վերահաստատել են պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցությունը շարունակելու, համատեղ ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամությունը: