ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Գաղտնի ծառայությանը հանձնարարել է ապահովել ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի լիակատար անվտանգությունը Փենսիլվանիա նահանգում նրա դեմ իրականացված հարձակման փորձից հետո:
«Ես հանձնարարել եմ Գաղտնի ծառայությանը գործի դնել բոլոր ռեսուրսները ու իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի ապահովվի նրա լիակատար պաշտպանությունը»,- ասել է Բայդենը:
Նրա ելույթը հեռարձակել է Սպիտակ տունը:
ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ հանձնարարել է իրականացնել անկախ հետաքննություն և երեկվա հանրահավաքի ժամանակ իրականացված անվտանգության ապահովման միջոցների ստուգում:
«Մենք կպարզենք, թե ինչ է կոնկրետ տեղի ունեցել և այդ տվյալները կներկայացնենք ամերիկյան հանրության դատին»,- ընդգծել է Բայդենը:
Հիշեցնենք՝ շաբաթ Թրամփը ընդհատել էր հրապարակային ելույթը Փենսիլվանիայում, երբ իր ուղղությամբ կրակոցներ են հնչել:
Հրաձգության հետևանքով սպանվել էր մեկ հանդիսական՝ 50-ամյա նախկին հրշեջ, ևս երկուսը վիրավորվել էր:
Հետաքննությունների դաշնային բյուրոն կատարվածն անվանել է Թրամփի դեմ մահափորձ: