Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ աշխատակազմի պատասխանատուները մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ այցելել են Ամասիա համայնքի Ողջի բնակավայր, որտեղ «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի շրջանակներում մեկնարկել են խոշոր խեցգետնաբուծական համալիրի կառուցման աշխատանքները։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
Մարզպետի տեղակալը շրջել է տարածքում, ծանոթացել շինարարության ընթացքին, հետաքրքրվել աշխատանքների տեմպերից ու որակից։
Խեցգետնաբուծության զարգացման պետական աջակցության մասնակցության առաջին պայմանագիրը կնքած անհատ ձեռներեց Կարինե Թորոսյանը վստահեցրել է, որ արվելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի սեղմ ժամկետներում խեցգետնաբուծական համալիրը հնարավոր լինի շահագործել։
Պայմանագրով նախատեսվում է Ողջի բնակավայրում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր, որը տարեկան կբուծի 18 տոննա խեցգետին։
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից։
Աշխատակազմի պատասխանատուներն այցելել են նաև հարևան տնտեսություն, որտեղ պահվում են Ֆրանսիայից Հայաստան ներմուծված մոնբելյարդ ցեղի 64 գլուխ երինջներից 8-ը։ Այս ցեղն առանձնանում է բարձր մթերատվությամբ, վարում է արոտային կենսակերպ և դիմակայուն է Հայաստանի բնակլիմայական պայմաններին։
Նշենք, որ կենդանիներին ձեռք են բերել ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ` «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում։