ՆԳՆ-ից հայտնում են, որ ավանդույթի համաձայն՝ ՆԳ նախարարությունում ամփոփվել են նախորդ տարվա աշխատանքի արդյունքները:
«Օբյեկտիվ և համակողմանի քննարկումների արդյունքում ընտրվել են լավագույնները։ Նրանք ներկայացնում են համակարգի տարբեր ոլորտներ, իսկ տարվա լավագույն ստորաբաժանում է ճանաչվել ոստիկանության Վաղարշապատի բաժինը:
Նախորդ տարում ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ մասում տարաբնույթ հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է 1833 հաղորդում:
Հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման գործում առանձնահատուկ դեր է վերապահված քրեական հետախույզներին: Սպանություն, սպանության փորձ, կողոպուտ, ավազակություն, գողություն, ապօրինի թմրաշրջանաություն, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերում և այլ հանցագործություններ բացահայտելու ուղղությամբ արձանագրված հաջողությունները խոսում են մասնագիտական կարևոր որակների մասին:
2023 թվականի ընթացքում արձանագրված հանցագործությունների բացահայտման հիմքում ձևավորված փոխգործակցային, գործընկերային ջերմ մթնոլորտն է և, իհարկե, համակարգված աշխատանքը:
Արձանագրենք. նախորդ տարեվերջին Արմավիրի մարզում նույնպես գործարկվեց Պարեկային ծառայությունը, որը ոստիկանությունում բարեփոխումների մեկնարկի հիմքում դրված նորարար մոտեցումների, սկզբունքների և արժեհամակարգի կրողն է։
Ակնհայտ է, որ ծառայությունը հանցավորության դեմ պայքարի նոր ոճ և ձեռագիր բերեց:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության տարածքային բաժինների ծառայակից գործընկերների և պարեկային ծառայության համագործակցության արդյունքները չուշացան: Այդ է վկայում համատեղ բացահայտած տարաբնույթ հանցագործությունների վիճակագրությունը:
Շուրջօրյա ակտիվ ծառայություն են իրականացնում նաև բաժնի համայնքային ոստիկանները։ Սպասարկվող տարածքներում նրանց շրջայցերը ոչ միայն պրոֆիլակտիկ բնույթ ունեն՝ նախականխելով ու կանխելով հանցավոր դեպքեր և միջադեպեր, այլև բացահայտում են հանցագործություններ, որոնք լատենտային բնույթ են կրում։
Չէինք կարող չանդրադառնալ նաև անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներին։
Նրանց աշխատանքը աչքի է ընկնում յուրահատկությամբ, որը պահանջում է ոչ միայն իրավապահի, այլև հոգեբանի և մանկավարժի որակներ։
Լավագույնը լինելու, նույն բարեխղճությամբ ամեն օր ծառայությունն իրականացնելու, ձեռքբերումները պահելու և զարգացնելու համար բաժնում յուրաքանչյուրը գիտակցում է պատասխանատվության իր չափը։ Չէ՞ որ լինել լավագույնը՝ նշանակում է ծառայել առանց սխալվելու իրավունքի:
Վաղարշապատի բաժնի ծառայողներին մաղթենք հաջողություն և բարի ծառայություն»,- նշվում է հաղորդագրության մեջ: