ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետ կիրարկման, կառավարման անհրաժեշտ գործիքակազմի ներդնման և մարդկային կարողությունների զարգացման նպատակով՝ հուշագիր է ստորագրվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրն իրականացնող CNFA ընկերության միջև։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:
Փաստաթուղթը կնքվել է ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի և ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանի միջև՝ նախարար Նարեկ Մկրտչյանի ու Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄըՔիի գլխավորությամբ։
Հուշագրի շրջանակում կողմերը ստանձնել են պարտավորություն՝ մեկտեղել ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետ իրականացման, ինչպես նաև մոնիթորինգի և հաշվետվողականության մշակման չափորոշիչների ուղղությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել հանրային կրթության և իրազեկման ռազմավարությունների, այս ուղղությամբ համապատասխան ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ ունեցած համագործակցության ուղղությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։
Բարձր գնահատելով կազմակերպության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունավետությունը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ և՛ սոցիալական պաշտպանության, և՛ աշխատանքի ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ մշակված բազմաթիվ ծրագրերն իրենց նշանակալի ներդրումն են ունեցել այդ բնագավառների զարգացման գործում։
Անդրադառնալով ոլորտային առաջնահերթություններին՝ Նարեկ Մկրտչյանն ասել է, որ նախարարության քաղաքականության առանցքում այժմ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ աջակցության ծրագրերն են։ Այս համատեքստում նախարարն անդրադարձել է Վաշինգտոնում տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը, որի ընթացքում Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄըՔիի հետ հնարավորություն են ունեցել քննարկել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։
«ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների բնակարանային ապահովման ու տնտեսական ներառման ուղղությամբ այժմ ՀՀ Կառավարության կողմից իրականացվում են երկարաժամկետ ծրագրեր։ Այս փուլի համար կարևոր եմ համարում նաև այս հուշագրի ստորագրումը, որը հնարավորություն կտա ապահովել ընթացիկ ծրագրերի դիմակայունությունն ու առավել արդյունավետ ընթացքը»,- ասել է նախարարը։