ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի հետ` Փենսիլվանիայում միտինգի ժամանակ հնչած կրակոցներից հետո, հայտնում է Սպիտակ տունը:
Այդ մասին հայտնում է ABC News-ը:
«Այսօր երեկոյան նախագահ Բայդենը խոսել է նախկին նախագահ Թրամփի հետ»,- հայտնել են Սպիտակ տնից:
Հիշեցնենք՝ հուլիսի 13-ի շաբաթ երեկոյան (Հայաստանում՝ արդեն հուլիսի 14-ին) Թրամփը ընդհատել էր ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ելույթը կրակոցների պատճառով:
Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները հեռացնում բեմից Թրամփին, որի ականջը արնահոսում է:
Ավելի ուշ նա հայտնել էր, որ վիրավորում է ստացել ականջի շրջանում և շատ արյուն է կորցրել:
ԱՄՆ գաղտնի ծառայությունը հայտնել է, որ ոչնչացրել է կասկածյալին, որը մի քանի կրակոց է արձակել բեմի ուղղությամբ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ աղոթում է Թրամփի առողջության համար, սակայն դեռևս բավարար չափով տեղեկություններ չունի տեղի ունեցածը հարձակում որակելու համար: