Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին: Խավիեր Կոլոմինան ընդգծել է Հյուսիսատլանտյան դաշինքի համար Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության կարևրությունը և աջակցություն հայտնել ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներգրավվածությամբ Երևանի ու Բաքվի միջև խաղաղ գործընթացին:
«Վճռականորեն աջակցում ենք երկու երկրի հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության բանակցություններին և երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- ասել է Կոլոմինան:
Պաշտոնյան նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը հույս է ներշնչում: «Օրերս կողմերի միջև պետքարտուղար Բլինքենի մասնակցությամբ հանդիպում է տեղի ունեցել։ Հավատացած եմ՝ առաջընթաց կա: Կշարունակենք աջակցել գործընթացին, որքան կարող ենք»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։
Կոլոմինան նաև ընդգծել է՝ Կովկասն ուղիղ ազդեցություն ունի սևծովյան տարածաշրջանի վրա, իսկ Սև ծովը ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար։