Հուլիսի 11-ին Լեհաստանում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը Լեհաստանի Սիլեզիա վոևոդություն այցելության շրջանակում Կատովիցե քաղաքում հանդիպում է ունեցել Սիլեզիայի վոևոդա (նահանգապետ) Մարեկ Վույչիկի և Սեյմիկի խոսնակ (տեղական ինքնակառավարման խորհրդարանի նախագահ) Յացեկ Յարցոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Սիլեզիայի, Ներքին Սիլեզիայի, Օպոլեի և Մալոպոլսկե նահանգներում ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը (հյուպատոսական շրջանի կենտրոնը՝ Զաբժե): Այս մասին տեղեկացնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։
Քննարկվել են Սիլեզիայի վոևոդության և Հայաստանի մարզերի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունը։
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան, Հայաստան-Եվրոպական Միություն օրակարգին վերաբերող հարցերի, դեսպան Արզումանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները և տարածաշրջանային վերջին զարգացումները։