Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին:
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության և երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի համար:
«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Ավստրիան ցուցաբերել է Հայաստանին հատկապես մեզ համար դժվարին ժամանակահատվածում: Մենք շատ բարձր ենք գնահատում Ավստրիայի նախաձեռնությունը՝ եվրոպական դիտորդական առաքելության հետ կապված: Պետք է արձանագրենք, որ եվրոպական դիտորդական առաքելությունն իր մեծ ներդրումն է կատարել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի կարգավորման գործում: Վստահ եմ, որ այս աշխատանքը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դրա անհրաժեշտությունը կա: Մենք տեսնում ենք այդ առաքելության կարևորությունը»,- ասել է Հանրապետության նախագահը:
Դեսպան Թոմաս Մյուլմանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Իմ պաշտոնավարման ընթացքում փորձել եմ ոչ միայն նպաստել մեր հարաբերությունների զարգացմանը, այլ նաև ճանաչել Ձեր երկիրը, և տեսել եմ այնքան շատ գեղեցկություն, ինչպես նաև նկատել եմ, թե ինչքան կայուն եք: Ձեր երկիրն աշխարհագրորեն բավական բարդ դիրքում է, բայց Դուք, կառավարությունը, հասարակությունն այնքան մեծ կայունություն եք ցուցաբերել, որը շատ տպավորիչ է»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա զարգացումներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահը ընդգծել է հարևանների հետ կարգավորված և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:
Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև առևտրատնտեսական կապերի սերտացման և ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ թեմաներ: Շեշտվել է երկու երկրների համագործակցության ամրապնդման տեսանկյունից բարձրաստիճան փոխայցելությունների, ինչպես նաև գործարար շրջանակների նոր կապերի ձևավորման կարևորությունը: